Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ արձակված առնվազն ինը հրթիռը հարվածել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներին։ Այդ մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նևաթիմ բազայում հարձակման ժամանակ վնասվել են C-130 տրանսպորտային ինքնաթիռը, պահեստային անգարները և թռիչքուղին։ Հաղորդվում է, որ հրթիռ է արձակվել նաև Նեգև անապատի շրջանում տեղակայված ավիաբազայի ուղղությամբ, վնասի մասին տեղեկություն չի ստացվել:
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտնել էին, որ Իսրայելի վրա հարձակման ժամանակ իրանական բալիստիկ հրթիռների մոտ 50 տոկոսը օդ չի բարձրացել կամ ընկել է առանց թիրախներին հասնելու։
Իսրայելական հեռուստատեսությունն էլ հայտարարել էր, որ Իրանից արձակած հրթիռներն ու հարվածային անօդաչու սարքերը չեն կարողացել հասնել Իսրայելի տարածք։ Բոլոր անօդաչու սարքերը խոցվել են երրորդ երկրների տարածքներում և միայն մի քանի բալիստիկ հրթիռ է հաղթահարել հակաօդային պաշտպանության համակարգը:
Իրանն ապրիլի 14-ի գիշերը 185 անօդաչու թռչող սարք, 36 թևավոր հրթիռ և 110 «երկիր-երկիր» հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ դա ապրիլի 1-ին Դամասկոսում երկրի հյուպատոսության վրա կատարված հարձակման պատասխանն է և գործողությունը հաջողված է համարել: