Կիրակի կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Այն սկսվել էր կիրակի գիշերը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, հայտնում է Euronews-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հակամարտությունից խուսափելու համար։
«Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում:
Խոսելով Իսրայելի և Իրանի միջև առճակատման մասին՝ Գուտերեշը կոչ է արել «հետ քաշվել անդունդի եզրից և խուսափել մեծ առճակատումից»։
«Միջազգային հանրությունը պարտավոր է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական իսլամիստական շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին:
Իսրայելն ու Իրանը միմյանց են մեղադրել իրադրության սրման համար: