Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում թիրախային գործողությունների և ՀԱՄԱՍ-ի մարտիկների և ռազմական օբյեկտների ոչնչացման մասին: Զորաշարժերը շարունակվում են:
ՑԱՀԱԼ-ը նաև հայտնել է Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակումների մասին, հավելել՝ դրանք հաջողվել է որսալ:
Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղ 1.5 միլիոնից ավելի փախստական կա, պարբերաբար պայթյուններ են լսվում: Իսրայելը խոստանում է առաջիկայում ռազմական գործողություններ անցկացնել նաև այնտեղ, ինչը մտահոգում է միջազգային հանրությանը, այդ թվում՝ Վաշինգտոնին:
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում հերթական անգամ անընդունելի են որակել Ռաֆահի վրա Իսրայելի հնարավոր հարձակումը՝ հատկապես հաշվի առնելով նման գործողության մարդասիրական հետևանքները և տարածաշրջանային կայունությանը սպառնացող վտանգը: