Փրկարարների եռօրյա վերապատրաստումների շրջանակում ապրիլի 10-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով գործնական պարապմունքներ:
ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, կապիտան Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ «Շատ կարևոր են նմանատիպ վերապատրաստման դասընթացները, որովհետև Հայաստանում օր օրի ավելանում են տրանսպորտային միջոցները, և դրան զուգահեռ ավելանում են նաև վթարները: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մեր փրկարարները կարողանան էլ ավելի բարձրացնել իրենց հմտությունները, գիտելիքները:
Տեսական դասընթացների ավարտից հետո իրականացվում են պարտադիր գործնական պարապմունքներ, որտեղ արդեն նման իրավիճակային պայմաններում խաղարկման սցենարներով կազմակերպվում են այսպիսի աշխատանքներ»:
Սկզբում փրկարարները ստանում են անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորում, ծանոթանում խաղարկային իրավիճակներին, այնուհետև անցնում փրկարարական աշխատանքներին։
Ըստ սցենարի՝ կան վթարված մեքենաներ, տարբեր վնասվածքներով տուժածներ: Փրկարարների խնդիրն է գնահատել իրավիճակը, հատուկ տեխնիկայի ճիշտ օգտագործմամբ ազատել արգելափակված տուժածներին և ցույց տալ առաջին օգնություն։
ՀՓՋ օղակի հրամանատար Հակոբ Հարությունյանն ասում է՝ «Այս ընթացքում շատ բան սովորեցինք: Դասընթացները կարևոր են ավելի բարդ իրավիճակներ հաղթահարելու համար»:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էր տարբեր ստորաբաժանումների 13 փրկարար:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել փրկարարների պատրաստվածությունը, կատարելագործել համատեղ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և գործնական հմտությունները։
Վերապատրաստում անցած ծառայողներին տրվեցին հավաստագրեր։