ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:
«Հայաստանը և Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք և տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի և այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական միության միջև առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարևորությունը:
«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնք ձեռնամուխ ենք եղել իրականացնել, և հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական և էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական և անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր: