Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որը նախատեսում է հակամարտության սառեցում ընթացիկ ճակատային գծում: Այդ մասին գրել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը, որը ծանոթացել է փաստաթղթին։
Թերթի տվյալով՝ նախագիծը հիմնված է Ստամբուլում կայացած բանակցությունների փաստաթղթերի վրա, և 2022 թվականի մայիսի ձևակերպումների մի մասը ներառվել է նոր տեքստում:
Նախագիծը ներառում է 2040 թվականին Ուկրաինայում պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրաքվեի պարտադիր անցկացում, ինչպես նաև միջազգային վերահսկողության ներքո հանրաքվեների անցկացում բոլոր տարածքներում, որոնք պատերազմի սառեցման պահին կգտնվեն Ռուսաստանի վերահսկողության տակ:
Ըստ փաստաթղթի՝ Ուկրաինան պետք է մինչև 2040 թվականը երաշխիքներ տա արտադաշինքային կարգավիճակի վերաբերյալ, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ առարկություններից: Ծրագիրը նախատեսում է նաև գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Բացի այդ, ծրագիրը ներառում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխադարձ պարտավորությունը ոչ մի դեպքում միջուկային զենք չկիրառելու մասին: