Մոսկվան երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ վեճերի խաղաղ կարգավորումից՝ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը, հավելել. «Այս պատերազմը մենք չենք սկսել 2014 թվականին»:
Կրեմլի ղեկավարը մեղադրել է Կիևին 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու համար: Նրա խոսքով՝ Ուկրաինան նման քայլի գնաց Արևմուտքի ճնշման տակ:
«Իսկ հիմա Շվեյցարիայում ինչ-որ խաղաղության համաժողով են ուզում անցկացնել։ Մեզ այնտեղ չեն հրավիրում։ Հետո էլ ասում են, որ մե՛նք չենք ուզում բանակցել»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ Բեռնում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի Շվեյցարիայի գագաթնաժողովին, նույնիսկ եթե հրավեր ստանա: Վլադիմիր Պուտինը նշել է՝ Մոսկվան կողմ է բանակցություններին, սակայն դեմ է, որ ռուսական կողմին իրականության հետ կապ չունեցող սխեմաներ պարտադրեն:
Պուտինը նաև հաստատել է, որ ռուսական ուժերը հարվածում են Ուկրաինայի էներգահամակարգին: «Դա անում ենք մեր էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածներին ի պատասխան՝ որպես ապառազմականացման գործընթացի մաս»,- ընդգծել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ ռուսական հարվածների նպատակը նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի վրա ազդելն է: