ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր «Ուրալ»-ի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները:
«Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է նախաձեռնված քրեական վարույթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերյալ սխալ և չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- հայտնում են ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռ չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 4 զոհ և 20 վիրավոր:
Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ: