ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման և վճարման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել: ՀՀ Ազգային ժողովը պարզեցված օրենք էր ընդունել, և համապատասխան փոփոխություններ էին կատարվել, համաձայն որոնց՝ մինչև 2024 թվականի մարտի 11-ը դիմելու դեպքում ԼՂ-ում կենսաթոշակառու հանդիսացող մեր հայրենակիցները հետհաշվարկով կստանան իրենց կենսաթոշակը՝ սկսած հոկտեմբերի 1-ից:
«Սակայն այս տարվա մարտի 11-ի դրությամբ շուրջ 15 տոկոս կենսաթոշակառուներ տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, չէին կարողացել բնակության վայրի մասով հաշվառում ձեռք բերել, և Կառավարությունը որոշում ընդունեց ևս 3 ամսով հնարավորություն տալ գնալ, հաշվառվել իրենց բնակության վայրի հասցեով, որից հետո դիմելու դեպքում արդեն կրկին հոկտեմբերի 1-ից հետհաշվարկով իրենց ամբողջ կենսաթոշակը կնշանակվի, և դրանից հետո արդեն ռեգուլյար ռեժիմով կստանան իրենց կենսաթոշակը»,- «Լուրերի» թողարկման ժամանակ ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։