ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի համայնքի 39-ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։
«2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել նույն քաղաքի 39-ամյա բնակիչը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ․։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թ․ ապրիլի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նույն քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող, 39-ամյա տղամարդու կողմից օգտագործվող ավտոտնակում, 36-ամյա տղամարդը մոտեցել է վերջինիս, հերթական անգամ մեղադրելով նրան իրեն ձայնագրելու մեջ, վիճել է նրա հետ։ Վիճաբանության ընթացքում 39-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով 36-ամյա տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև փորձել է դանակով կտրել նրա կոկորդը, սակայն վերջինիս հարազատների ու հարևանների միջամտության արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: