Փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրակրթության բարեփոխումների շրջանակում հաստատության ուսուցչին ներկայացվող՝ մասնագիտական շարունակական կրթություն ստանալու պահանջներում: Ըստ այդմ՝ կհստակեցվեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմները: Կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց։ Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված է նաև վերապատրաստման եղանակը: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ ավելի շատ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար այն կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով՝ հաշվի առնելով նաև վերապատրաստող կազմակերպությունների՝ աշխարհագրական իմաստով շատ չլինելու պարագայում վերապատրաստման արդյունավետությունը: