Առողջապահության նախարարությունն ունի տարեկան բյուջե, որի շրջանակում իրականացնում ենք օֆերտայի սկզբունքով ֆինանսավորում: Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի տարեկան բյուջեի, այլ ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի շրջանակում ամբողջ հանրապետության համար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով 2024 թվականի հունվարի 1-ից գործող՝ պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մատուցման համակարգին:
«Երեք ամիսների շարժը գնահատել ենք, ունենք որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավելյալ միջոցների կարիք»,- ասաց նախարարը:
Հարցին՝ օֆերտայի սկզբունքով ֆինանսավորումը բյուջեի մասով խնդիրներ չի՞ առաջացնի, քանի որ կարող են չարաշահումներ լինել ոլորտում, Ավանեսյանը պատասխանեց՝ եղել է նման կանխատեսում:
«Կանխատեսում էինք, որ կլինեն նաև գերակատարումներ: Այդ գերակատարումների տենդենցը վերլուծվել է: Այս մասով մենք հանդիպում կունենանք ֆինանսների նախարարության հետ, և Կառավարությունը կորոշի, թե ինչպես կներդրվի հերթագրման համակարգը, և հավելյալ ինչքան միջոցներ կհատկացվեն»,- ասաց նախարարը:
Ըստ Ավանեսյանի՝ նաև կանխատեսել էին, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված, նախորդ տարվա կատարողականով ֆիքսված միջոցները որոշ ծառայությունների գծով կգերակատարվեն մինչև 20 տոկոսի չափով: