Ես կարծում եմ, որ մենք վերջին շրջանում նաև պարբերաբար տեսնում ենք, որ կեղծ նման տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, և կարծում եմ, որ մեր ծնողները և դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դպրոցների վերաբերյալ Տելեգրամով տարածվող տեղեկություններին:
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: Տելեգրամյան ալիքներում նշված կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է: Ամբողջ իրավիճակն այդ իմաստով գտնվում է շատ լուրջ ուշադրության և ուսումնասիրության ներքո, և այս պահին անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում, և կարծում եմ, որ նաև մեր մեդիադաշտի տարբեր փորձագետներ տարածեցին նաև պարզ տեղեկություններ, թե ինչպես կարելի է համոզվել այդ տեղեկատվության կեղծ լինելու մեջ, օրինակ՝ տեսնելով, որ այն լուսանկարները, որ տարածվում էին, կրկնում են ճիշտ նույնությամբ մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվության տեսանկյունից: Մենք պետք է հասկանանք, որ երբ որ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, դա մեզնից հեռու իրականություն չէ, դա մեր իրականությունն է, և այստեղ մեդիագրագիտության դերն եմ շատ կարևորում, և կարծում եմ, որ մեր երեխաները, դպրոցում սովորելով մեդիագրագիտության պարզ կանոնները, տեղեկատվության ճիշտ և կեղծ աղբյուրները պետք է կարողանան տարբերակել»,- նշեց նա:
Նախարարն ասաց, որ դպրոցներում տարհանման որևէ կարիք չկա: «Մենք ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ծնողները, բնականաբար, այդ տեղեկությունները կարդալով և դրանք ընդունելով իբրև իրական՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց ուսումնական պրոցեսը առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է: Մենք կապի մեջ ենք քաղաքապետարանի կրթության վարչության, դպրոցների հետ, և, կարծում եմ, որ այս իմաստով որևէ անհանգստանալու բան չկա»:
Խոսելով դպրոցների անվտանգության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ընդհանրապես դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ինչպես նաև ուսումնական մյուս հաստատությունները այդ իմաստով միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: «Կարծում եմ՝ այստեղ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, նրանք ամբողջությամբ իրավիճակին տիրապետում են, եթե լրացուցիչ քայլի կարիք լինի, բնականաբար, շատ պատշաճ ժամանակում կտեղեկացնեն, բայց նորից եմ կրկնում՝ ակնհայտ է արդեն իսկ, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ տեղեկատվություն է, հետևաբար այս պահին ես որևէ անհանգստանալու հիմք չեմ տեսնում, իրավապահներն էլ, կարծում եմ՝ մեզ ավելի հստակ տեղեկատվություն օրվա մեջ կփոխանցեն»:
Նախարարն ընդգծեց, որ դպրոցներ ելումուտը խիստ կանոնակարգված է. կողմնակի անձանց մուտքը դպրոցներ դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, թույլատրվում է միայն կոնկրետ այն դեպքերում, երբ որ կոնկրետ անձի հետ կա տեսակցություն կամ հանդիսանում է երեխայի ծնող, օրինական ներկայացուցիչ: «Պետք է նաև ամրագրենք, որ մեր դպրոցները, համաձայն նաև միջազգային ամենատարբեր հետազոտությունների, համարվում են անվտանգության տեսանկյունից ամենաապահով դպրոցներից աշխարհում»,- նշեց նա:
«Գիտեք, որ մեր դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել և վարչատնտեսական կառավարումը առանձնացրել ենք, այս պահին դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը, որը պետք է լավ մշակվի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: