Հայաստանի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կարողությունները կմեծանան: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 12-ի նիստին ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հիշեցրեց՝ այսօր Հայաստանում գործում է 6 կենտրոն, որոնք իրենց մաքսիմալ կարողություններով են աշխատում: Այժմ նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, ներդրում իրականացնել պետական բժշկական կենտրոնում՝ հիմնելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների նոր ծառայություններ:
«Եթե 2023-ին մեր շահառուների թիվը կազմել է 5441 հոգի, և ծնված բալիկների թիվը եղել է 159, ապա 2024 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում արդեն շահառուների թիվը 1672 է, ծնված երեխաների թիվը՝ 109»,- ասաց նախարարը և հավելեց, որ ծրագրի ընդլայնման արդյունքում հերթերը կնվազեն:
Նախատեսվում է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստեղծել սիմուլյացիոն կրթական կենտրոն:
«Սա նման մասշտաբի առաջին նախագիծն է Հայաստանում, որտեղ հնարավորություն է ստեղծվելու նորագույն հետազոտական, վիրաբուժական, վերակենդանացման ծառայությունները՝ սարքավորումներով հագեցած, իրական կյանքի իրավիճակներում ունենան կարողություններ, որ մեր թե՛ ռեզիդենտները, թե՛ օրդինատորները սովորելիս կարողանան զարգացնել իրենց գործնական հմտությունները և ավարտելիս ունակ լինեն անմիջապես բուժառուների հետ աշխատելու»,- ասաց նախարարը:
Ըստ Ավանեսյանի՝ կենտրոնում կստեղծվեն անվտանգ պայմաններ սովորելու, սխալվելու, նույն վիրահատական միջամտությունը բազմիցս կրկնելու, ծրագրային լուծումների շնորհիվ օբյեկտիվ գնահատվելու համար, ինչպես նաև բուժառուների վրա չսովորելու համար, այլ պատրաստ լինելու աշխատել նրանց հետ:
«Ծրագրի ընդհանուր արժեքը 550 միլիոն դրամ է, և մենք 2025 թվականից պատրաստ ենք լինելու այս կենտրոնի դռները բացել ոչ միայն տվյալ բժշկական կենտրոնում աշխատող, սովորող ուսանողների համար, այլ այն նաև հանրապետական նշանակության է լինելու»,- ասաց Ավանեսյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկեց տեղի որոշման հարցը անջատել որոշման նախագծից և մեկ անգամ ևս քննարկել: Նրա նկատառումն այն է, թե ինչու են մեկ կենտրոնում անում դա, գուցե իր ընդհանրական նշանակությունն ընդգծելու համար այլ տարբերակ է պետք մտածել. «Քննարկելու համար կարճ ժամանակ ենք ունեցել, և շատ չենք կենտրոնացել տեղի հարցի վրա: Ես կառաջարկեի՝ եթե հնարավոր է՝ այդ կտորը անջատենք, ևս մեկ անգամ քննարկենք, նոր վերջնական որոշում կայացնենք»:
Վարչապետ Փաշինյանը համաձայնեց, բայց 1 շաբաթ ժամանակ տվեց վերջնական որոշման համար: