2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է մի ծրագիր, որի արդյունքում վերափոխվել են ապահովագրական համակարգի մոտեցումները: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 12-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ այն պայմանավորված է նաև 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ:
2023 թվականին ապահովագրվել էին ծիրանը, խաղողը, դեղձը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, կարտոֆիլը, ինչպես նաև աշնանացան և գարնանացան ցորեն, գարի և վարսակ մշակաբույսերը: Ապահովագրվող ռիսկերն էին գարնանանային ցրտահարությունը, երաշտը և կարկուտը:
2023-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվել էր 11662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել էր 1,8 մլրդ դրամ, տրամադրվել էր 3864 ապահովագրական հատուցում մոտավորապես 2,4 մլրդ դրամի չափով:
«2024-ին, պայմանավորված ՀՀ գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերության դուրս գալով, ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրական ռիսկերն ամբողջությամբ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը: Այդ է պատճառը, որ ծրագիրը ժամկետից ուշ մեկնարկեց: Ուստի անհրաժեշտություն է առաջացել այս տարվա համար ժամանակավոր լուծում գտնել, վերափոխել ծրագրի մոտեցումները:
Ծրագրին ապահովագրական ընկերությունների մասնակցությունն ապահովելու համար առաջարկվում է, որ այս տարի Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, մասամբ կիսի ապահովագրական ռիսկը, այսինքն՝ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումները որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով: Մասնավորապես՝ գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կփոխհատուցվի ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը»,- ասաց Պապոյանը:
Նախարարը հիշեցրեց՝ 2024 թվականին Կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու նաև գյուղատնտեսությանը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացյալ ծախսերի համար:
«Հիմք ընդունելով մշակաբույսերի ապահովագրության ժամկետները, ըստ մշակաբույսերի և ռիսկերի՝ նախատեսում ենք, որ այս տարի կկարողանանք ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենը, գարին և վարսակը, երաշտի ռիսկից»,- ասաց նա:
Պապոյանը մանրամասնեց՝ ցանկում հետևյալ փոփոխությունն է տեղի ունեցել. հացահատիկային մշակաբույսերն այս տարի չեն ապահովագրվի կարկուտից, բայց կապահովագրվեն երաշտից, իսկ, օրինակ, խնձորը, բալը, կեռասը չեն ապահովագրվի գարնանային ցրտահարությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց համակարգի զարգացումը, կարգաբերումն ու լավարկումը. «Իսկ լավարկումը պետք է լինի հետևյալը, որ պետք է լրացուցիչ խթան դառնա, որպեսզի նա (քաղաքացին- խմբ.) հողը մշակի»:
Փաշինյանը նաև նկատեց՝ քանի որ կարկուտի մասով ապահովագրություն կար, շահառուն ցանք էր անում այնտեղ, որտեղ գիտեր՝ կարկուտը վնասելու է այն. «Եվ ստացվում է, որ մենք փոխանակ մարդուն շահագրգռենք, որ բերք ստանա, շահագրգռել ենք, որ կարկուտ ստանա կամ էլ ապահովագրություն ստանա»: