Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Օրենսդրական նախագծերի փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը։
Նախագծերի փաթեթով մասնավորապես՝
1. վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք.
2. հստակեցվել են առկա սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները, դրանք համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացվել է նոր զուգընկեր հասկացությամբ.
3. որպես բռնության ենթարկված անձ, դիտարկվում է երեխան, ով ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր).
4. վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման ժամկետները, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները.
5. ուժը կորցրած է ճանաչվել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը.
6. առաջնային բուժօգնության փոխարեն՝ օրենքով սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում՝ բռնության դեպքով պայմանավորված անձի առողջական խնդիրների լուծման նպատակով.
7. սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար.
8. վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, մասնավորապես՝ ներառել սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված լինելու փաստը.
9. վերանայվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության և ծանուցման ժամկետները և պայմանները.
10. սահմանվել են ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում (նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի փոխարեն սահմանել երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկ).
11. նոր կարգավորում
է նախատեսվել ՀՀ քրեական օրենսգրքում՝ հետամտման համար: