Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, մարզադահլիճներում, նաև հանդիպում եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով դպրոցաշինության հետ կապված խնդիրներին:
«Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարական կազմակերպման լուծումներ, և կուղարկենք շարունակության մեջ գտնվող բոլոր շինարարական օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն խնդիրները, և մենք հետագայում խնդիրներ չունենանք»,- ասաց Եղիազար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այժմ ուշադրությունն առաջիկա երկու ամսում հանձնվող շինարարական օբյեկտների վրա է, զուգահեռաբար իրականացվում է օգտագործվող շինանյութերի բնութագրերի հստակեցում:
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, որ նոր սկսվող շինարարական օբյեկտներում բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, ու մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, ինչ արձանագրվել է նախկինում»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
«Ձևավորել ենք աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում և ոչ միայն ակնադիտական, այլև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու արդեն իսկ կառուցված օբյեկտներում, այն թաքնված աշխատանքների, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, որպեսզի բացահայտվեն թերությունները, և միջոցներ ձեռնարկենք այդ թերությունները շտկելու ուղղությամբ:
Զուգահեռաբար մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ:
Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- նշեց նա: