ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 250.000.000 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մ․․․» ՍՊ ընկերության տնօրենը, զբաղվելով շաքարավազի ներմուծմամբ և վաճառքով, հարկերը պակաս վճարելու նպատակով, շաքարավազի վաճառքը շուկայականից էականորեն ցածր գներով ձևակերպել է իր անվամբ, սակայն փաստացի առանց հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և գործող շուկայական գներով՝ իրացրել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների։
Կատարված մեծածավալ վարութային գործողությունների և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ընկերության տնօրենը, շաքարավազի հերթական խմբաքանակը ՀՀ տարածք ներմուծելուց հետո, առանց որևէ ուղեկցող փաստաթղթի, մատակարարել է Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկում պարենային ապրանքների առևտրով զբաղվող «Մ․․․» ՍՊ ընկերությանը, որի գործունեության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ինչպես «Ա․․․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի մատակարարված 10տ շաքարավազը, այնպես էլ՝ «Մ․․․» ՍՊ ընկերությունում կիրառվող առևտրային ծրագրի էլեկտրոնային շտեմարանը պարունակող համակարգիչը։
Նախաքննության հետագա ընթացքում, ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից էլեկտրոնային շտեմարանի ու հարկային մարմին ներկայացված հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, պարզվել է, որ «Մ․․․» ՍՊ ընկերությունն իր հերթին 2020-2023 թթ. ընթացքում վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել ՀԴՄ կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, ինչի հետևանքով թաքցրել է շրջանառությունը և չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկերը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։
Քրեական վարույթով «Մ․․․» ՍՊ ընկերության հիմնադիրը և տնօրենը ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Մ…» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել են նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 250.000.000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: