Ֆրանսիան առաջին անգամ իր «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը ՆԱՏՕ-ի օպերատիվ վերահսկողությանը կհանձնի ապրիլի 26-ից մայիսի 10-ը Միջերկրական ծովում իրականացվող առաքելության շրջանակում: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի միացյալ հրամանատարության ֆրանսիացի փոխծովակալ Դիդյե Մալտերը։
«Առաջին անգամ 15 օրով ՆԱՏՕ-ի օպերատիվ հսկողության ենք հանձնում «Շառլ դը Գոլ» միջուկային ավիակիրը և նրա բոլոր ուղեկցող նավերը, ներառյալ ատոմային հարվածային սուզանավը»,- մեջբերում է AFP-ն նրա խոսքերը: Մալտերի խոսքով՝ Ֆրանսիան նման որոշումից հետո չի կորցնի իր «ռազմավարական ինքնավարությունը»։
Գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը կմասնակցեն մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Իսպանիան, Պորտուգալիան և ԱՄՆ-ը: Առաքելությունը կանցկացվի ՆԱՏՕ-ի ռազմածովային շտաբի հրամանատարության ներքո, այն կղեկավարի ամերիկացի փոխծովակալը, որի անունը գործակալությունը չի հայտնում: