Հունգարիայի Պետական ժողովի պատգամավորները քվեարկել են Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին (ԵՍՍ) երկրի մասնակցությունը կասեցնելու օգտին։ Ապրիլի 10-ին կայացած քվեարկության ժամանակ 177 խորհրդարանական պաշտպանել է այդ որոշումը, հինգը դեմ է արտահայտվել՝ հայտնում է Daily News Hungary-ն։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Հունգարիայի նախագահը:
2023 թվականի նոյեմբերին պայմանագիրը կասեցնելու որոշում են կայացրել ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ ի պատասխան Մոսկվայի նմանատիպ քայլի։ Ճանաչելով պայմանագրի դերը որպես Եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնաքար՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անընդունելի են համարել, որ իրենք պետք է հետևեն պայմանագրին, իսկ Ռուսաստանը՝ ոչ:
«Արդյունքում փաստաթղթի մասնակիցները որոշել են կասեցնել ԵՍՍ պայմանագիրը այնքան ժամկետով, որքան կպահանջվի»,- ասված է դաշինքի երկրների հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքը ստորագրել է 2023 թվականի մայիսին, պայմանագրից դուրս գալու ընթացակարգն ավարտվել է վեց ամիս անց՝ նոյեմբերի 7-ին։