Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է օրենք, որը խստացնում է հանրապետությունում զորահավաքի կանոնները։ Փաստաթուղթն ամիսներ շարունակ բուռն քննարկումների առարկա էր դարձել։ Վերջնական քվեարկության նախօրեին պատգամավորները մինչև ուշ գիշեր դիտարկել են ավելի քան 4 հազար ուղղում։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 450 պատգամավորից 283-ը։ Այժմ այն պետք է ստորագրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ուժի մեջ կմտնի մեկ ամիս անց։
Նոր նախագիծը ենթադրում է մոբիլիզացիայի ընթացակարգի խստացում՝ ներառյալ դրանից խուսափելու համար տույժեր:
Օրենքում գլխավոր փոփոխությունը զինծառայողների զորացրման կոնկրետ ժամկետների վերաբերյալ նորմերի բացառումն է: Դա վերաբերում է մասնավորապես, այն զինծառայողներին, որոնք պաշտպանում են Ուկրաինայում պատերազմի մեկնարկի առաջին օրերից:
Նոր օրենքով զորահավաքի ենթակա են 25-60 տարեկան քաղաքացիները, արտերկրում մշտապես բնակվողները պետք է գրանցվեն Ուկրաինայում զինվորական ծառայության համար։
Կանայք զինվորական հաշմառման կանցնեն, եթե ստացել են բժշկական կամ դեղագործական կրթություն և պիտանի են ծառայության՝ ելնելով առողջական վիճակից և տարիքից:
Ժամկետային ծառայության փոխարեն ներդրվում է հիմնական զինվորական ծառայությունը, որն անցնելու են 18-ից 25 տարեկան քաղաքացիները։
Օրենքը նախատեսում է նաև զորահավաքից խուսափողներին պատժելու դրույթներ։ Կսահմանափակվի նրանց սեփական տրանսպորտային միջոցն օգտագործելու իրավունքը, կկիրառվի Ուկրաինայից դուրս գալու ժամանակավոր արգելք, կսահմանվեն տուգանքներ։
Մոբիլիզացիայից ազատվել են իրավապահ մարմինների գրեթե բոլոր ներկայացուցիչները (ոստիկանությունը), պատգամավորների օգնականները և ռազմավարական ձեռնարկությունների սեփականատերերը։ Քաղաքացիների շրջանում տարկետում կստանան բոլոր խմբերի հաշմանդամները: