Խորհրդարանը ապրիլի 11-ի հերթական նիստում քննարկել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում:
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը և անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման և մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաև որոշ տեխնիկական փոփոխություններ:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը: