Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանին տրամադրել 25 մլն եվրո գումարի չափով վարկ` աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երևանի հանրային շենքերին, մասնավորապես` մանկապարտեզներին և պոլիկլինիկաներին:
««ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ ապրիլի 11-ի նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ ծրագրի շրջանակում ընտրվել են 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ: Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: