Պատգամավորները, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, ապրիլի 11-ին քվեարկությամբ ընդունել են նախորդ օրերին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ չի ընդունվել միայն հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքով առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը:
Համաձայնագիրը միտված է կարևոր գործակալություններից մեկի՝ Եվրապոլի հետ իրավապահ համակարգի շրջանակում սերտ փոխգործակցություն հաստատելուն:
Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի և այլ ոլորտներում:
Զեկուցողի տեղեկացմամբ Եվրոպոլի հետ համագործակցության շրջանակում Հայաստանը կնշանակի կապի սպա, որը կներկայացնի ոչ միայն ՀՀ ներքին գործերի նախարարությունը, այլև միասնական իրավապահ համակարգը: Կապի սպայի նստավայրը կլինի Նիդերլանդներում:
«Տեղեկատվության փոխանակումը լինելու է կոնկրետ հարցումների հիման վրա: Անվտանգ կապուղին կերաշխավորի տեղեկատվության փոխանակման անվտանգությունը»,- ընդգծել է փոխնախարարը:
Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով Եվրապոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: «Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրապոլը չունի ձերբակալելու և հարցաքննելու լիազորություններ»,- ընդգծել է զեկուցողը:
Արփինե Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է նաև ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով հուշագիրը միտված է լրացնելու նախորդիվ քննարկված համաձայնագիրը:
Հուշագրով նախատեսվում է կապի սպայի միջոցով ապահովել տեղեկատվության փոխանակման առնչությամբ անվտանգ կապուղու հետ կապված հարաբերությունները:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով փաստաթուղթը կարևոր գործիքակազմ է՝ միջազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում: