ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն, Շվեդիայի ԱԳՆ աշխատակից Անտոն Ռուս Ստհարնմիրան, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և դեսպանության երկրորդ քարտուղար Նիկոլինա Նիլսոնը:
Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանի և Շվեդիայի հարաբերություններում նկատելի է զարգացման դրական դինամիկա:
«Շվեդիան մեզ համար առանցքային երկիր և գործընկեր է: Մենք գնահատում ենք Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում»,- ասել է Սարգիս Խանդանյանը` գնահատելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման իրողությունը:
Խորհրդարանական համագործակցության ասպարեզում ձեռքբերումների պահպանման և շարունակականության տեսանկյունից հանձնաժողովի նախագահը կարևորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար` Շվեդիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն նշել է, որ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Նա եւս կարևորել է խորհրդարանական համագործակցությունը և բարեկամական խմբերի միջև սերտ աշխատանքը:
Էմիլ Գելեբոն ընդգծել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարևոր և անհրաժեշտ դերակատարությունը:
Սարգիս Խանդանյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռվող հնարավորությունները` կարևորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների, Արևելյան գործընկերության հարթակում համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: