Եթե խոսում ենք առաջնորդության մասին, դուք ոչ թե առաջնորդել եք, այլ հետապնդել եք ժողովրդին, ժողովրդին մղել եք դեպի մարտահրավերները, դուք ժողովրդին մի բան եք ասել, բայց ժողովրդի թիկունքի հետևում բոլորովին այլ բանի մասին եք խոսել: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը` խոսքն ուղղելով ընդդիմությանը:
«Այսօր առաջնորդության կենտրոնական հարցը հենց դա է՝ ո՞ւր ենք տանում մեր ժողովրդին, և այստեղ է, որ պիտի խոսենք մեր բացթողումների և սխալների մասին, որովհետև առաջնորդություն նշանակում է նաև, թե ուր պետք է տանենք մեր ժողովրդին, որպեսզի չանենք այն սխալները, որոնք արել ենք: Ողջամտությունն ի վերջո մեզանում հաղթում է,- ասաց Կոնջորյանը, ապա հավելեց.- Պրոբլեմը, որ այսօր կա քաղաքական իրականության մեջ, հետևյալն է. անել այնպես, որ ողջամտությունը մեզանում հաղթի ոչ թե «ի վերջո», այլ «նախևառաջ», որովհետև երբ ողջամտությունը հաղթում է «ի վերջո», ռետրոսպեկտիվ դա դառնում է հայի հետին խելքը, երբ հետո՝ գնացքը գնալուց հետո, բոլորս հետահայաց մարգարեներ ենք դառնում՝ «այ, որ ասում էի…»:
Այսօրվա իրականությունն այն մասին է, որ ողջամտությունը Հայաստանում հաղթի նախևառաջ, քաղաքական ողջամտությունը»: