Որտեղ տեսախցիկ եմ տեսնում, գնում, մոտենում եմ, ասում եմ՝ ժողովո՛ւրդ ջան, նման բան չկա: Չի կարելի, օրենքն արգելում է: Բացատրում եմ, ասում եմ, էլի գալիս են, իրենց նարատիվը տարածում են, թե տարածքներ են հանձնվում: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության այն քննադատությանը, թե իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել:
«Ոչ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետրից տարածք հանձնել, ոչ մեկը դա չի քննարկում»,- ասաց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի 11-ի ելույթին՝ անվանելով այն շրջադարձային:
«Ելույթը բովանդակալից էր, և վստահ եմ, որ քաղհանրությունը և մեր հասարակությունն այն կուսումնասիրեն շատ ավելի խորը ձևով: Ակնհայտ է, որ դժվար է, ակնհայտ է, որ շրջադարձային ելույթ էր:
Մի կարևոր արձանագրում եմ ուզում անել, մենք պետք է ամեն ինչ անենք, պարո՛ն վարչապետ, որ սխալները չկրկնենք: Այո՛, եկել է մեր սխալները սրբագրելու ժամանակը: Նույն փոսը... նույն սխալն անընդհատ չենք կարող անել, առավել ևս, որ այլընտրանք չունենք ուղղակի»: