Արդեն մի քանի օր է՝ ինչ-որ բուռն զարգացումներ ենք տեսնում հոգևոր դասում, որովհետև օրերս Մայր Աթոռը կեղծ լուր էր տարածել, թե, իբր, ՀՀ իշխանությունները պատրաստվում են տարածքներ հանձնել Տավուշի մարզից, ինչը բացահայտ կեղծ լուր էր: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ակնհայտորեն, իրենց կեղծ խոսույթով Մայր Աթոռը խախտել էր Աստծո պատվիրաններից մեկը. «Մի՛ ստիր»-ը, ու ստել էր: Բայց այստեղ ինչն է ավելի էական: Երբ արձագանքել էի դրան, նշել էի, որ Մայր Աթոռը փաստացի ֆեյք-նյուզ է տարածում, ինչը հարիր չէ, ու ես, որպես հավատացյալ, ինձ շատ վատ եմ զգում դրանից, ու մենք բոլորս, որպես հավատացյալ, պետք է այնպես անենք, որ Մայր Աթոռը դադարի այս քաղաքականությունը, որը փաստացի ստիպում է հավատացյալներին երես թեքել Հայ Առաքելական եկեղեցուց՝ իրենց շնորհիվ, ինչն ինձ համար մեծ ցավ է՝ որպես հավատացյալի: Սրան արձագանքել էր եպիսկոպոսներից հերթականը, ասել, թե մենք ենք ֆեյք-նորություններ տարածում իրականում, մենք ենք ֆեյք կառավարություն: Եթե չեմ սխալվում, վերջերս էլ նույն ընդդիմադիր արքեպիսկոպոսը խոսել էր այն մասին, որ իրականում Հայաստանն է ֆեյք պետություն՝ մատնանշելով այն ՀՀ քարտեզը կամ մակետը, որը վարչապետն է պարբերաբար ցույց տալիս»,- ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորի խոսքով, սակայն, իրականությունը միանգամայն հակառակն է:
«Սիրելի ժողովուրդ, սա է իսկական Հայաստանի Հնարապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան, այստեղ ենք ներդնում մեր ջանքը, այստեղ ենք ունենում մեր երեխաներին, այստեղ ենք պատկերացնում նրանց ապագան»,- ասաց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ երբ դու խոսում ես, որ իրականում Կիզիլ Հաջիլին իսկական հայկական հող է, իսկ իշխանություններն այն հանձնում են, դա անում ես միայն մեկ նպատակով, այն է՝ «ծառայելու նրանց, ում ծառայում ես»:
«Մեծ ցավ եմ ապրում, որ ստիպված ենք այս ամեն ինչի մասին այսքան խոսել: Մեծ ցավ եմ ապրում, որովհետև սա աբսուրդ է»,- ընդգծեց Ալեքսանյանը:
Անդրադառնալով ընդդիմության գործելաճին՝ Վահագն Ալեքսանյանը նշեց՝ ՀՀ ընդդիմությունը, առնվազն խորհրդարանական, ունի երեք նպատակ՝ Հայաստանում հասնել հակասահմանադրական իշխանափոխության, տալ միջանցք Ադրբեջանին և երրորդ՝ Հայաստանը մտցնել Միութենական պետության մեջ: