Դժվար է թերագնահատել այն կարևոր աջակցությունը, որ Եվրամիությունը տրամադրել է Հայաստանին: 270 միլիոն եվրո աջակցություն էր և լրացուցիչ գրանտ ԵՄ կառույցների կողմից 2,7 միլիարդ ԵՄ աջակցությանը, որը մի քանի կտորով արդեն ծախսվել է, և այս 270 միլիոնը վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից կիրառած այն ծրագրի կատարմանը, որը վերաբերում է միջին ու մանր բիզնեսի ունակությունների, ստանդարտների բարելավմանը: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով նաև Հայաստան-ԵՄ զարգացող օրակարգերի վերաբերյալ այլ երկրներից հնչող մեղադրանքներին:
Սոնա Ղազարյանը նախ հիշեցրեց, որ Ադրբեջանն ունի լուրջ տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
«ԵՄ համագործակցությունը ես չեմ դիտարկում որպես սեպ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իրեն դուրս թողնում ԵՄ-ի հետ հարաբերությունների բոլոր հնարավորություններից: Օրինակ՝ պարոն Ալիևը Բիշքեկից կոչ է անում պարոն վաչապետին (Նիկոլ Փաշինյանին – խմբ.) Գրանադայի փոխարեն լինել Բիշքեկում: Օրինակ՝ Ադրբեջանը, չհրավիրելով ԵԽԽՎ դիտորդներին, իրեն դուրս է թողնում ԵԽԽՎ վեհաժողովներից: Ի՞նչ խոսք, դա իրենց ներքին հարցն է, ամենևին նպատակ չունեմ դրան անդրադառնալու, բայց որոշ դրվագներով նաև առաջացրել է միջազգային հանրության շատ տեղին զայրույթը»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ աճ են արձանագրում, և պատահական չէ, որ մի շարք միջազգային հարցումներ վկայում են «հայ ժողովրդի եվրոպական նկրտումների» մասին: