2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է և միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջև դրած թիրախից բարձր է: Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով անցած տարվա տնտեսական զարգացումներին և ցուցանիշներին:
«Անցած տարվա տվյալներով աճ ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ ունենք թեթև անկում, սակայն վստահ եմ, որ այս ցուցանիշը պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով»,- նշեց Թունյանը:
Անդրադառնալով քննադատություններին՝ կապված գնաճի հետ, Թունյանը հիշեցրեց՝ անցյալ տարի, 12-ամսյա կտրվածքով, այսինքն՝ 2023 թվականի դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով:
«Այսինքն՝ ունենք աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Ունենք նաև արտահանման առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, տուրիզմի էական աճ՝ մոտ 40 տոկոսով: Անցած տարի Հայաստան է այցելել ավելի քան 2,3 միլիոն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարում աճել է 1,5 անգամ: 2023 թվականի տվյալներով՝ 1 ժամ աշխատաժամանակի արժեքը եղել է 9,6 դոլար, իսկ 2021-ին այդ ցուցանիշը 6,2 դոլար էր: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս, մեր ծրագրով նախատեսում ենք գործազրկության մակարդակը իջեցնել 10 տոկոսից»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:
Ինչ վերաբերում է պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը, անցյալ տարեվերջին այն կազմել է 48 տոկոս, ինչը, ըստ նրա, եղել է մշտական քննադատության առիթ:
«Ամենակարևոր ցուցանիշներից մեկը, որի հետ կապված անցյալ տարի հնչում էին բավական կոշտ քննադատություններ, կապիտալ ծախսերն են: Անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը եղել է շուրջ 96 տոկոս, այսինքն՝ մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը և ապահովել ենք ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է՝ տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Նա հիշեցրեց՝ այս ամենի հետ մենք 2023-ին ունեցել ենք ֆորսմաժորային իրավիճակներ, սակայն Հայաստանի տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն և կարողացել է պատշաճ արձագանքել մարտահրավերներին:
Թունյանը տեղեկացրեց՝ առաջընթաց է գրանցվել նաև հարկահավաքության տեսանկյունից՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը զգալիորեն բարելավվել է, ինչի հետևանքով կրճատվել է ստվերը: