2025 թվականի հունվարին ամբողջ հանրապետությունով պիտի ունենանք մեկ միասնական շտապօգնության ծառայություն: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այսօր մեր շտապօգնության ծառայությունը մարզային ենթակայություն ունի, և երբեմն ֆիզիկապես ավելի մոտ գտնվող մեքենան չի կարող գնալ սպասարկման, որովհետև այդ մեքենան պատկանում է այլ բժշկական կենտրոնի, և տվյալ սպասարկման դաշտը իրենը չէ: Մենք փոխում ենք սպասարկման ամբողջ սկզբունքը, և կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի սկզբունքի»,- ասաց նախարարը:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ կատարվել է բնակչության տեղակայման քարտեզագրում՝ ըստ հիվանդացության հիմնական օջախների: Արդյունքում որոշել է հեռավոր բնակավայրերում ավելացնել ենթակայանների թիվը, որպեսզի կանչի ժամանակը լինի օպտիմալ, և քաղաքացիները, անկախ բնակության վայրից, հավասար ու մատչելի ծառայություն ստանան:
Նախարարը տեղեկացրեց, որ վերանայվելու են նաև գործելակարգերը, թե որ կանչն է շտապօգնության ծառայության կանչ, և որը՝ քրոնիկ հիվանդության կառավարման, ճնշման կարգավորման: Ըստ Ավանեսյանի՝ դրանք պետք է ուղղորդվեն առաջնային օղակ, և գործընթացի շրջանակում այս տարի առաջնային օղակը մեքենաներով կապահովվի:
«Նպատակ ունենք պիլոտային ծրագրով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համար փոքր, ծախսարդյունավետ մեքենաներ ապահովել ընտանեկան բժիշկների համար, որպեսզի հենց նրանց վրա լինի այս գործառույթի կառավարումը»,- ասաց Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ արդյունքում կնվազի շտապօգնության ծառայության կանչերի թիվը, կարագանա սպասարկումը: