Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ իր ունեցած ելույթում անդրադարձ կատարեց նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշեց՝ դրանք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել:
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցերի մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել: Այսօր ուզում եմ ընդգծել, որ մենք իսկապես Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են:
Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը, սակայն, կարևոր համարեց հասկանալ, թե ինչ ու ինչու է տեղի ունենում երկու երկրների հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով:
Նրա գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին:
«Պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք Ռուսաստանի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ 2018 թվականի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա:
«Եվ ես պատրաստ եմ այդպիսի երկխոսության»,- խոսքը եզրափակեց վարչապետը: