ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին, ընդհակառակը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի գրավչությունը մեզ համար նաև այն է, որ հարևանների հետ հարաբերությունների բոլորովին ուրիշ մշակույթի և քաղաքական իրողությունների կրող են նրանք: Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր ելույթում:
Նրա խոսքով՝ մեր պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար:
«Պետք է հանգիստ թողնել մեր պատմական հայրենիքը, եթե չենք ուզում կորցնել իրական հայրենիքը նույնպես, այն ըմբռնմամբ, որ հայրենիքը պետությունն է, կոնկրետ ՀՀ-ն: Որովհետև եթե հայրենիքը պետությունը չէ, ազգային ինքնիշխան պետությունը, ինչով, օրինակ, հայրենիք չէ Լիբանանը, Կալիֆոռնիան, Ֆրանսիան կամ Ավստրալիան:
Ըստ այդմ՝ մեր ինքնիշխանության և պետականության զարգացման հետագա գրավականը մեր հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է մեր հարևանների հետ ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանի շահերի և գիտակցման հիման վրա:
Կառավարությունը որդեգրել է այս կուրսը, որքան էլ հասկանում ենք, որ այս քաղաքականությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունի: Այդ մարտահրավերներից առանցքայինը, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիարդների հասնող ձեռքբերումներով և այլն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այդ ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին։
«Այսինքն՝ Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ պետք է չունենա՞։ Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել՝ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, մյուս կողմից՝ մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։
Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք և ասել ենք այդ առաջարկի մասին՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչը, ի դեպ, կլուծի և՛ Ադրբեջանի բարձրաձայնած չորս գյուղերի, և՛ մեր 31 գյուղերի հարցերը, իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ պաշտպանության նախարարությունների ստորաբաժանումները հետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր։ Սա նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգի պարագայում կարող է իրագործվել: Այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից։
Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել սույն թվականի մարտի 14-ին»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ կհաջողվի սահմանազատման հարցում հասնել համաձայնության, եթե ոչ ամբողջական, ապա գոնե հատվածական, ինչն էականորեն կփոխի մթնոլորտը մեր տարածաշրջանում: