Թուրքիան կարող է Ռուսաստանից գնած С-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայել հարևան Իրաքի հետ սահմանի երկայնքով։ Այդ մասին հայտնում է Türkiye թերթը։
Պարբերականի համաձայն՝ սահմանամերձ շրջաններում С-400-ի տեղակայման գործընթացը կարող է արագացվել մուսուլմանական Ուրազա Բայրամ տոնի ավարտից հետո կամ հաջորդ շաբաթ։
Թերթը հայտնում է նաև, որ Թուրքիան ավարտել է Հյուսիսային Իրաքում անդրսահմանային գործողության ծրագրերի նախապատրաստումը, որի նպատակն է տարածքը մաքրել Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից, ինչպես նաև սկսել է զորամասերի ու թիկունքային ստորաբաժանումների տեղափոխումը տարածաշրջան: Ակնկալվում է, որ գործողությունը կիրականացվի ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարելիք այցից հետո։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև ամառ Թուրքիան վերահսկողության տակ կառնի Իրաքի հետ սահմանային ամբողջ գիծը և կավարտի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքները։ Իրաքում գործողության նպատակը կլինի հյուսիսային շրջանները 40 կմ խորությամբ քուրդ զինյալներից մաքրելը։