Գազայի հատվածին իսրայելական նոր հարվածի ժամանակ սպանվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին ու երեք թոռը։ Այդ մասին ապրիլի 10-ին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրները։
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի երեք որդին և նրա մի քանի թոռները սպանվել են, երբ իսրայելցիները պայթեցրել են մեքենան Ալ-Շատի ճամբարում»,- նշվում է զեկույցում։
Հանիեն Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ պաղեստինցի առաջնորդները չեն նահանջի, եթե իսրայելական բանակը թիրախավորի իրենց ընտանիքներին, և սպանությունները չեն ազդի ՀԱՄԱՍ-ի պահանջների վրա հրադադարի բանակցություններում:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդն ասել է նաև, որ մինչ այժմ իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով զոհվել են իր հարազատներից 60-ը։ Իսմայիլ Հանիեն ընդգծել է, որ իր որդիները մինչև վերջ մնացել են պաղեստինցի ժողովրդի կողքին և չեն լքել Գազայի հատվածը։