Հարցը ռազմավարական նշանակություն ունի՝ մասնավորապես հաշվի առնելով, որ, որքան ես գիտեմ, կարգոտերմինալը ծանրաբեռնված չէ, մենք կարգոտերմինալի ավելի մեծ ռեսուրս ունենք, քան այս պահին օգտագործվում է: Այդ մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչ հեռանկարներ կան մասնավորապես կարգոավիացիա իրականացնելու հետ կապված:
«Միևնույն ժամանակ դա բավականին բարդ բիզնես է, որովհետև կարգոփոխադրումների պարագայում ինքնաթիռը ժամ ավելի գետնին պետք է չմնա, հակառակ դեպքում՝ շատ թանկ է ստացվում փոխադրման ինքնարժեքը»,- նշեց փոխվարչապետը:
«Մեզ դա պետք է ամեն դեպքում, բայց հայեցակարգային մակարդակում է դեռ հարցը քննարկվում: Ասել, որ կոնկրետ մոդելավորված ձև ունենք, թե ոնց դա կարելի է կազմակերպել՝ ոչ, բայց ցանկացած հնարավոր խթան՝ պետության կողմից, որը կնպաստի, որպեսզի մասնավոր հատվածը կարգոավիափոխադրումներ իրականացնի, ես վստահ եմ, որ մենք կխթանենք»,- ասաց Մհեր Գրիգորյանը: