Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դիդիե Պարակյանը, Սեն-Միտր-Լե-Ռեմպարտսի քաղաքապետ Վանսանթ Գոյետը, Լե Տոլոնեի քաղաքապետ Վանսանթ Լանգիլը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային տարածաշրջանի համանախագահ Ժուլիեն Տիգրան Հարունյանը, ՖՀԿՀԽ հարավային տարածաշրջանի համանախագահ, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի ղեկավար, Ֆրանսիայի Հարավային ռեգիոնալ խորհրդի անդամ Օրոր Բրունան, Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ Ժիլբեր Դերդերյանը, «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանը, Ֆրանսահայ երիտասարդական միությունը (ԺԱՖ) նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Մելիքյանը և ԺԱՖ միության խորհրդի անդամ, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Մարսելի նախկին ռազմիկների միության ատենապետ Սիմոն Ազիլազեանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատարի գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը մեծապես կարևորել է այս պատասխանատու ժամանակահատվածում հայ-ֆրանսիական բազմակողմ կապերի զարգացումն ու անդրադարձել Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի հայ համայնքի հետ ակտիվ համագործակցությանը։
Զարեհ Սինանյանն իր խոսքում անդրադարձել է այս տարի Ֆրանսիա կատարած իր այցին, նշել, որ Ֆրանսիայի հայ համայնքն աչքի է ընկնում Հայաստանին և Ֆրանսիային անմնացորդ նվիրվածությամբ:
«Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դերակատարում ունի երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: Այդ առաքելության մեջ անգնահատելի է նաև Ձեր դերակատարումը, տիկի՛ն Վասալ: Վստահ եմ, որ Ձեր գլխավորած պատվիրակության այցը նոր ծրագերի և համագործակցության սկիզբ կդառնա Հայաստանի և Ֆրանսիայի ռեգիոնների միջև», - նշել է Զարեհ Սինանյանը։
Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր խոսքում անդրադարձել է պատվիրակության այցի նպատակներին և Երևանում կայացած բարձրաստիճան հանդիպումներին՝ վստահություն հայտնելով, որ այցը կնպաստի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմանը։ Նա ընդգծել է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված գործուն համագործակցության կարևորությունն ու հետագա ընդլայնման հնարավորությունները։
«Մենք այստեղ ենք ընդգրկուն պատվիրակությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Բուշ դյու-Ռոն դեպարտամենտը՝ ի դեմս մեզ՝ մասնավոր ոլորտի և հայ համայնքային կառույցների, մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական, ներդրումային, հումանիտար և հասարակական կապերի զարգացմամբ», - ընդգծել է դեպարտամենտի խորհրդի նախագահը։
Հանդիպման մասնակիցներն առանձին ներկայացրել են Հայաստանին առնչվող նախաձեռնությունները, քննարկել առկա հնարավորություններն ու նոր ձևաչափերում համագործակցության ուղղությունները։ Ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության, սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտների նախաձեռնություններին։