Ալմա Աթայի հռչակագրով նախկին Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը դարձել են անկախ պետություններ, և նախկին ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է արտահայտվի սահմանը, և ըստ այդմ՝ ինչը ՀՀ-ի է, ՀՀ է, ինչը ՀՀ չէ, ՀՀ չէ: Այս ասելիքի ներքո պետք է համաձանեցնել դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե գիտի՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը, պարզաբանեց, որ այդ մասին գիտի, քանի որ բոլոր իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերը դուրս են բերվել, և դե յուրե սահմանն արտահայտել են քարտեզի վրա: Այժմ Ադրբեջանի հետ պետք է ճշտել՝ այդ քարտեզները համընկնո՞ւմ են, թե՞ չեն համընկնում:
Վարչապետը նաև համոզում ունի, որ դե յուրե նշանակություն ունեցող այդ քարտեզները չեն կարող չհամընկնել, որովհետև խորհրդային տարիներին ևս դա երկկողմանի աշխատանքով է որոշվել:
«Մեր ընկալումն այն է, որ գնում ենք, այդ քարտեզները վերցնում ենք, տանում ենք, գետնի վրա դնում ենք: Այն, որ ասվում է GPS, դրանով որոշվում է սահմանի՝ քարտեզի վրա եղած կոորդինատը (դա մասնագետները կարող են անել, տեղում որոշել), և մենք պատրաստ ենք գնալ այս գործընթացին, և դեմ չենք այս գործընթացն սկսել Տավուշի մարզի Բաղանիս, Ղազախի շրջանի՝ Բաղանիս-Այրում, Տավուշի մարզի՝ Ոսկեպար, Ղազախի՝ Աշաղը-Ասկիպարա, Տավուշի մարզի՝ Կիրանց, Ղազախի շրջանի՝ Խեյրեմլի, Տավուշի մարզի՝ Բերքաբեր, Ղազախի շրջանի՝ Կըզըլ-Հաջիլի գյուղերի հատվածում՝ կա՛մ ամբողջական, կա՛մ հատվածական: Ինչո՞ւ ամբողջական կամ հատվածական, որովհետև այնտեղ կան լրացուցիչ խնդիրներ, որոնք Ադրբեջանն էլ ունի, մենք էլ ունենք (ենթակառուցվածքներ և այլն)՝ փորձելով այնպես անել, որ ապահովվեն տրամաբանությունը և բնականոն կյանքը»,- ասաց նա:
Փաշինյանը նաև պարզաբանեց, թե որն է անվտանգության մասին հայկական կողմի պատկերացումը, և արդյոք ստանո՞ւմ ենք որևէ բան այս գործընթացից. «Այո՛, մենք ստանում ենք շատ կարևոր բան, մենք ստանում ենք դելիմիտացված սահման: Ցավոք, բոլորը միանգամից, ամբողջ սահմանը միանգամից՝ 1 օրում, 1 ամսում կամ նույնիսկ 3 ամսում, չենք կարող անել, որևէ տեղից պետք է սկսել: Ասում եմ՝ մենք դեմ չենք, որ սկսենք այդտեղից»: