Խոսելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքների մասին՝ ՀՀ վարչապետը նշեց՝ կարևորագույն արդյունք էր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը:
«Հիմա մենք քննարկում ենք առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը: Ինչպես տեսնում եք՝ Պրահայի հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և՛ իրատեսական, և, որ կարևոր է՝ ուժեղ և իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է»,- ընդգծեց վարչապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ այդ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը:
«Այս ֆոնի վրա նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի թիրախավորումը զարմանալի, անհասկանալի և անընդունելի է ինձ և ՀՀ Կառավարության համար: Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը մնացածների նման Եվրամիությունում կայացվել է կոնսենսուսով»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ բոլոր ղեկավարներին շնորհակալություն հայտնելով վերոնշյալ որոշման համար, որը տեղի է ունեցել Հայաստանի խնդրանքով:
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը այս ընթացքում միջազգային հանրության, ավելի կոնկրետ՝ ԵՄ և նրա գործընկերների համար Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով հաստատված իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր է դարձել, ինչը չափազանց կարևոր է մեզ համար:
Կարևոր է, որ ԵՄ-ն և նրա գործընկերները Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկություն ստանան մի պարզ պատճառով՝ այդ տեղեկատվությունը ակնհայտ կդարձնի, որ ՀՀ-ն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին և Պրահայի պայմանավորվածություններին և այս պատմության ագրեսիվ կողմը չէ ամենևին: Նաև այս իմաստով եմ կարևորում սույն թվականի ապրիլի 5-ին ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է՝ հօդս են ցնդում Արևմուտքում ՀՀ-ն որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը: