ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բեռնատարների վարորդների օժանդակությամբ, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և առանց համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու թույլատրել են դատարկ բեռնատարների ելքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ին և 26-ին մաքսային տեսուչ Ա. Մ.-ի մտերիմ Ռ. Գ.-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է 87,6 տոննա շարժիչային յուղեր, սակայն ներքին սպառման նպատակով ներմուծված հիշյալ ապրանքների համար շուրջ 69 մլն ՀՀ դրամի չափով մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար տնտեսվարողը դրանք ձևակերպել է «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Այնուհետև դրանք տեղափոխող բեռնատարները մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք: Նույն պահին արտահանման տեղամասում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչներ Ա. Մ.-ն և Ա. Գ.-ն առանց բեռնատարները կշռելու և դրանցում համապատասխան ապրանքների առկայությունն ստուգելու, դիտավորյալ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ տրանսպորտային միջոցների վարորդների օժանդակությամբ թույլատրել են իրականում չարտահանվող ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից երրորդ երկրներ՝ այդ կերպ Ռ. Գ.-ին ազատելով հարկերը վճարելու պարտականությունից:
Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահատվել է նույն մեխանիզմով հանցանքների կատարման ևս 15 դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ռ. Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 22-ը ԻԻՀ-ից ներկրել է ընդհանուր ավելի քան 700 տոննա տարբեր տեսակի ավտոյուղեր: Ապրանքների ներմուծման ժամանակ օրենքով սահմանված մաքսատուրքեր, հարկեր և այլ տուրքեր վճարելու պարտավորությունից ազատվելու համար Ռ. Գ.-ի կողմից ներկրված հիշյալ բոլոր ապրանքները դարձյալ ձևակերպվել են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: Դրանցով բեռնված տրանսպորտային միջոցները, սակայն, մինչև Բագրատաշենի մաքսակետ հասնելը դատարկվել են և առանց բեռների մուտք գործել արտահանման ուղղության վրա տեղակայված հսկողության տարածք, որտեղ էլ ՊԵԿ-ի վերը նշված երկու պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և բեռնատարների վարորդների օժանդակությամբ, առանց համապատասխան մաքսային հսկողական ընթացակարգերի թույլատրվել է դատարկ բեռնատարների ելքը ԵԱՏՄ տարածքից երրորդ երկրներ, որի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն դրամի հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ:
Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 15 անձի: Իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու համար մաքսային տեսուչներ Ա. Մ.-ին և Ա. Գ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (16 դրվագ), իսկ վերջիններիս օժանդակած վարորդներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Մաքսային տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 700 մլն ՀՀ դրամ վնասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: