Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Վստահ եղեք, որ մեզ համար միշտ հաճելի է Ֆրանսիայի պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպել: Առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն մեծ աշխատանքի համար, որ կատարում եք հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին, բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են այս տարիների ընթացքում՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների ժամանակ և այսօր նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալ-հումանիտար օգնության հարցում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն, և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել: Սակայն ես այսօր ուզում եմ հատկապես նշել անկախացումից հետո այն մեծ աջակցության մասին, որը ցուցաբերել է Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը: Այսօրվա ձեր այցելությունը գնահատում եմ որպես կատարված աշխատանքին լրացուցիչ նպաստող գործոն և մեր հարաբերությունների ամրապնդումը խթանելու հերթական քայլ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Վասալը նշել է. «Պարոն նախագահ, մենք շատ զգացված ենք հյուրընկալության և ջերմ խոսքերի և այն վերաբերմունքի համար, որին հանդիպում ենք Հայաստանում: Հայ-ֆրանսիական բարեկամությունն իրապես դարավոր է, և մեր այցելությունն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդել մեր գործընկերությանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության լայն օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առանձին քաղաքների միջև գործընկերության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Կողմերը շեշտել են տնտեսության և գործարար ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայաստանյան ներքին և արտաքին ընդհանուր իրադրության և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-հումանիտար և համալիր բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին և նախատեսվող քայլերին: