Հիմա մենք գլխավոր հատակագծի մշակման փուլում ենք, որը պիտի վերջնականացվի մինչև հունիս: Վաղը նախատեսում ենք հերթական այցով ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին՝ քննարկելու աշխատանքները, որոնք արդեն արված են: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով, թե որ փուլում են Ակադեմիական քաղաքի կառուցման մասով աշխատանքները:
«Ժամանակացույցի համաձայն՝ պլանավորում ենք, որ այս տարի կսկսենք փուլային տարբերակով հիմնական կառույցների նախագծման աշխատանքները: Բուն կառուցման աշխատանքները պլանավորվում են փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից, և, կարծում ենք, որ այդ տրամաբանության մեջ 2030 թվականին այստեղ կունենանք առաջին սովորող ուսանողներին»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ առաջին հերթին այս ծրագրի շահառու են լինելու այսօրվա դպրոցականները: Առաջիկայում նախատեսվում են մանրամասն քննարկումներ ու ներկայացումներ բոլոր բուհերում ու դպրոցականների հետ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Ակադեմիական քաղաքի տարածքը բավականին մեծ է, ուստի պլանավորված է, որ այդտեղ կարող են տեղափոխվել նաև մինչև 8 մասնավոր և միջպետական բուհեր:
«Ունենք հետաքրքրվածություն տարբեր բուհերի կողմից, որոնք ցանկանում են տեղ ունենալ Ակադեմիական քաղաքում, և այդ տեղը պատրաստ է հատկացման: Միջպետական բուհերի հետ էլ քննարկումներ ենք ունեցել»,- ասաց նա: