Շուրջ 2 շաբաթ առաջ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցն արգելափակել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, ասաց, որ եթերի հեռարձակումն արգելափակվել է այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղի էին ունենում շփումներ, կոնսուլտացիաներ միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ:
«Արդեն իսկ մեկ անգամ առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ կոնսուլտացիաների նպատակն էր նախ արձանագրել, որ համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածները խախտվել են, որից հետո նաև նշել էի ԱԺ-ում ելույթի ժամանակ, որ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը պետք է մեկնի Մոսկվա կոնսուլտացիաների, և ես ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը: Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետևանքն է փաստորեն Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի կողմից վերոնշյալ հաղորդումների եթերազրկումը: Սա ամենևին չի նշանակում, որ մենք այլ բանակցություններում փակուղու մեջ ենք:
Մենք առաջիկայում՝ եթե ոչ այս, ապա հաջորդ շաբաթ, նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթն ուղարկել ռուս գործընկերներին, առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները: Մենք շատ կառուցողական ենք տրամադրված, որովհետև ոչ թե մեր նպատակն է այս իրավիճակի սրումը, այլ ընդհակառակը՝ կառուցողական միջավայրում, որակյալ առողջ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, ստանալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետևեն սանկցիաներ: Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս, մինչդեռ հանրային մուլտիպլեքսում գործող հայկական հեռուստաալիքները գործում են խաղի այդ կանոններով: Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որը հնարավորություն կտա նման խախտումների արձանագրման պարագայում ՀՌՀ-ին իրականացնել մոնիթորինգ, խախտումները հայտնաբերելու պարագայում կիրառել վարչական վարույթ, ասել է թե՝ սանկցիաներ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վերոնշյալ հաղորդումը կամ հաղորդումներն են եթերազրկվել, որովհետև պարզապես արձանագրված են եղել վերջին ամիսների ընթացքում ամենամեծ թվով խախտումները հենց այդ հաղորդումների եթերի ժամանակ:
Խոսելով հայկական պատվիրակության փաստարկների մասին՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հիմնականներից մեկը եղել է, որ նմանօրինակ՝ ՀՀ և Հայաստանի ժողովրդի հույզերը և արժանապատվությունը վիրավորող բովանդակությամբ հեռուստահաղորդումները կարող են հակառուսական ալիքների բարձրացման պատճառ հանդիսանալ: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի կազմակերպենք մեր աշխատանքն այնպես, որ նմանօրինակ բովանդակությունը, որը կարող է նաև նման հետևանքների բերել, կանխվի: Դրանում ՀՀ-ն շահագրգռված է, և մենք մեր դիրքորոշումը կոմունիկացրել ենք գործընկերների հետ: Մենք հույս ունենք, որ մեր առաջարկները միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ կընդունվեն: Եթե դրանք չընդունվեն, ապա ես իրականում չեմ բացառում հավանականություն, որ ՀՀ-ն կարող է և դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- նշեց ԲՏԱ նախարարը: