Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13.400 մարդ ունի գրանցված զբաղվածություն, ևս 750 մարդ գրանցված է որպես անհատ ձեռներեց, ևս 300 մարդ տարբեր կազմակերպություններում ունի գրանցված բաժնետիրական իրավունքներ, որը նշանակում է՝ անուղղակիորեն ունեն նաև բիզնեսում ներգրավվածություն: Սա աշխատունակ տարիքի միայն 1/3-ն է: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Մենք պետք է փորձենք այս ցուցանիշը բարձրացնել, հասցնել այն բնականոն ֆոնին, որը Հայաստանում մարդիկ ունեն՝ որպես զբաղվածություն: Այսինքն՝ մենք մեր անելիքները պետք է ավարտված համարենք կամ ավարտված չհամարենք, երբ գործազրկությունը 10-12 տոկոսի սահմաններում կլինի նաև իրենց թվում, ինչպես ՀՀ միջին աշխատունակ տարիքի մարդկանց շրջանում է»,- ասաց նա: