2002 թվականին «Գույք՝ պարտքի դիմաց» օպերացիայով Ռուսաստանի Դաշնությանը 93 միլիոն դոլարի դիմաց տվել ենք մեր 5 խոշորագույն ռազմավարական կարողությունները, որոնցից միայն «Հրազդան» ՋԷԿ-ի ներկայիս գնահատումը 1 միլիարդ դոլարից ավելի է: Կարո՞ղ ենք դիմել ՌԴ-ին, վճարել պարտքը և հետ ստանալ այդ կարողությունները, մանավանդ որ այս տարիների ընթացքում այդ կարողությունները հսկայական շահույթ են բերել ՌԴ-ին: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Մենք այդ օբյեկտների հետ կապված թեմա քննարկել ենք, և մեր խնդրանքը և կոչը ոչ թե եղել է [այն], որ մենք հետ ենք ուզում վերցնել, այլ եղել է այն, որ ներդրում արվի, որովհետև այդ կարողությունների պոտենցիալը, ըստ էության, օգտագործված չէ: Եվ այս հարցը մենք ՌԴ Կառավարության հետ քննարկել ենք»,- ասաց Փաշինյանը:
Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ «Մարս» գործարանի պարագայում ՏՏ ոլորտ զարգացնելու լավագույն պայմանները կան, նույնիսկ առաջարկեց համագործակցել ՌԴ-ի հետ, որպեսզի, օրինակ, հետ տրամադրվի գործարանը՝ օգտագործման պայմանով:
«Ցանկալի է, որ այդ հզորությունները չմնան անարդյունավետ օգտագործման փուլում: Ժամանակին 7000-ից ավելի աշխատակից է ունեցել, այժմ պարապուրդի ենք մատնել»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ լավ կլիներ, որ հնարավոր լինի վերցնել այն և օգտագործել:
Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկվել է այդ հարցը. «Մենք հենց «Մարս» գործարանի դեպքն էլ քննարկել ենք: Ես անձամբ ՌԴ Կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և հենց այդ նույն շեշտադրումները, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են, և այսօր երևի դրա չնչին տոկոսն է, որ որևէ ձևով զբաղված է: Հետևաբար, այո՛, դուք ճիշտ եք, պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը»: