ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց՝ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են:
Նրա խոսքով՝ դրանցից առաջինը 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձություններն էին, որոնք ուղեկցվել էին ԱԺ նախագահի դեմ [Արարատ Միրզոյանի. - խմբ.] մահափորձով, խորհրդարանի, կառավարության և այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով:
Ամիսներ անց, ըստ վարչապետի, 2021 թվականի փետրվարին ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ:
«Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել, և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար: Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021-ի մայիսի 12-ին՝ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն լուծարված էր, Կառավարությունը՝ հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթք, Խոզնավար հատվածում ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ այն ժամանակ կային ուժեր, որ պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի «ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության»:
Ըստ վարչապետի՝ նրանց տրամաբանությամբ՝ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, ասաց վարչապետը՝ հավելելով՝ այն ժամանակ կային ուժեր, որ պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, «չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում»:
«Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանի Հանրապետությանը դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Կառավարությունն այն ժամանակ տուրք տար իր էմոցիաներին և շեշտադրումներին, իրադարձությունները կարող էին բոլորովին այլ սցենարով ընթանալ՝ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում և դրածո իշխանության ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը, սակայն, բացառիկ պետականակենտրոնություն ցուցաբերեց ու արձագանքեց Կառավարության ու կառավարող մեծամասնության կոչերին:
«Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ժողովուրդը վստահության քվե տվեց 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժին: Սրանով, փաստորեն, վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ ժողովուրդը 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հասկացավ՝ 1996-1998 թթ. մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը: