Հաագայի Միջազգային դատարանում սկսվել են Նիկարագուայի՝ Գերմանիայի դեմ հայցի վերաբերյալ երկօրյա լսումները։ Ըստ հայցի՝ Գերմանիան, Իսրայելին իր շարունակական աջակցության պատճառով, ներառյալ զենքի մատակարարումը, «չի կատարել Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացված և իրականացվող ցեղասպանությունը կանխելու իր պարտավորությունը», այդպիսով «նպաստել է ցեղասպանության իրականացմանը՝ խախտելով կոնվենցիան» և միջազգային իրավունքի այլ տարրեր։
Հայցում Նիկարագուան նաև խնդրում է դատարանին «ժամանակավոր միջոցներ» կիրառել Գերմանիայի դեմ, որոնք կարող են հանգեցնել Իսրայելին Բեռլինի ռազմական աջակցության կասեցմանը։
Գերմանիայի կառավարությունը կտրականապես հերքել է Նիկարագուայի մեղադրանքները, թե Բեռլինն իբր նպաստում է Գազայի հատվածում ցեղասպանությանը՝ դրանք համարելով իրավական կամ փաստական հիմքերից զուրկ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջազգային իրավունքի հանձնակատար Տանյա ֆոն Ուսլար-Գլայխենը հիշեցրել է, որ Գերմանիան հաստատել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումից հետո, և որ Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի համար առաջնահերթություն է՝ հաշվի առնելով պատմական պատասխանատվությունը։ Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ Բեռլինը, այնուհանդերձ, միջոցներ է ձեռնարկում Գազայի հատվածում խաղաղ բնակչության իրավունքներն ու պաշտպանությունն ապահովելու համար։
Սպասվում է, որ ՄԱԿ-ի դատարանը Նիկարագուայի հայցի վերաբերյալ նախնական որոշում կկայացնի երկու շաբաթվա ընթացքում, գրում է dpa-ն։