Վերցրե՛ք, նայե՛ք ԵԱՀԿ-ի 1996 թվականի դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից: Այն ժամանակ ինտերնետ չի եղել, որ որոշումից կես ժամ հետո բոլորն իմանային: Ինչո՞ւ եք ժխտում այս իրողությունը: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն դիտարկմանը, թե միայն «հիմար մարդը կարող է ուրախանալ այն պայմաններից, այն ճակատագրից, ինչն այսօր Արցախն ունի՝ իր պատմական տարածքից դուրս մղվելով»:
Փաշինյանը հիշեցրեց, թե ինչ պայմաններում է ընդունվել այդ որոշումը. «Եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ չի գնացել ԼՂ-ն, գիտե՞ք՝ ինչու չի գնացել, որովհետև արգելել են ԼՂ-ին, արգելել են, և դա ես չեմ եղել, ես չէի կարող, ուզենայի էլ, չէի կարող: Ար-գե-լել են…
Ես համաձայն եմ այդ դիտարկման հետ, որ ասացիք (կներեք, եթե շատ ճշգրիտ չմեջբերեմ)՝ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ: Այո՛, միայն հիմար մարդը կարող է ուրախանալ միայն հայաստանյան հատվածում: Այո՛, և որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են, և ես դա եմ ասում»,- ասաց նա: