Արդեն չորրորդ օրն է՝ ապրիլի 5-ի երեկոյից, Օրենբուրգի շրջանի Օրսկ քաղաքի մի քանի շրջանն ամբարտակի փլուզման պատճառով հեղեղվել է ջրով։ Ապրիլի 9-ի առավոտվա դրությամբ քաղաքի գրեթե 7 հազար բնակելի շենք հայտնվել է ջրի մեջ, մոտ 2500 մարդ տարհանվել է։ Կիրակի՝ ապրիլի 7-ին, տարածաշրջանում արտակարգ դրությունը դաշնային կարգավիճակ է ստացել։
Օրսկի բնակիչներին վրդովել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հայտարարությունը, ըստ որի տարհանման մասին հայտարարվել էր մեկ շաբաթ առաջ։ «Մարդիկ որոշումներ չէին ընդունում, կարծում էին, որ դա կատակ է, այստեղ կատակ չկա»,- ասել է նա: Ural.56 պարբերականը նշում է, որ Օրսկից բնակչության տարհանման մասին հայտարարվել է միայն ամբարտակի փլուզումից հետո, իսկ մինչ այդ քաղաքաբնակները համոզված էին, որ այն կարող է դիմակայել վայրկյանում ավելի քան 2 հազար խորանարդ մետր արտահոսքին։ Պարբերականը հնարավոր է համարել, որ ԱԻՆ ղեկավարը Օրսկը շփոթել է Օրենբուրգի հետ։
Օրսկի բնակիչներին վրդովել է նաև կորուստների դիմաց վճարումների չափը: Այն բարձրացնելու պահանջով ապրիլի 8-ի երեկոյան նրանք ցույց են անցկացրել քաղաքի վարչակազմի շենքի մոտ։
Հեղեղումներից տուժածները պահանջել են ավելացնել վճարումները։ Իշխանությունները խոստացել են վճարել 50 հազար ռուբլի՝ գույքի մասնակի կորստի համար, իսկ 100 հազար՝ լրիվ կորստի։ Մարդիկ այդ գումարները չափազանց փոքր են համարել իրենց կորուստների համեմատ։