Բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա, և ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում: Սրանք չափազանց կարևոր նրբություններ են, որոնք առանձին-առանձին գուցե շատ բան չեն նշանակում, բայց համակարգային ամբողջության, այսինքն՝ փոխգործակցության մեջ անվտանգային նոր միջավայր և նոր պայմաններ կստեղծեն Հայաստանի համար: Սա դրական երաշխիք չէ, բայց կարող է այդպիսին դառնալ բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման պայմաններում: Այս մասին խորհրդարանում, ներկայացնելով ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման մասին:
Նրա խոսքով՝ հենց այսպիսի ելակետից ենք մոտենում մի շարք ընթացիկ մարտահրավերների, և նաև այս է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից:
«Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր. իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ են արդյոք անվտանգություն: Չի՛ երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք:
Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի: Չի՛ երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք:
Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ են արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները: Չի՛ երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: